Բագրատաշենի մաքսային անցակետում արդեն մի քանի ժամ է բողոքի ակցիա է տեղի ունենում. Թուրքիայից ապրանք ներկրող առեւտրականները փակել են անցակետի ելումուտը: Նրանք արդեն մի քանի օր է, որ բողոքում են  Թուրքիայից ներկրած ապրանքների մաքսազերծման նոր կարգի դեմ: Մաքսակետում ավտոմեքենաների մեծ խցանում է առաջացել:

Բանն այն է, որ հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են ԵՏՀ որոշմամբ: Նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի:

Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

Առեւտրականները նշում են, որ իրենց թույլ չեն տալիս նաեւ մինչեւ 25 կգ ապրանք ներկրել՝ ասելով, որ ցույց տան թուրքական վիզաները: Մասքավորները պահանջում են կգ-ի համար 4 եվրո վճարել:

Մի քանի օր առաջ եւս առեւտրականները փակել էին մաքսակետի ելումուտը, որը բացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հորդորով:

Այս առնչությամբ, նախօրեին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել էր, որ երբ նախորդ տարի 50 կգ չափաքանակի նորմը ներմուծեցին, տարվա վերջին տեսան, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման մեքենաներով ներկրման հնարավորությունը դիտարկել են որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ճանապարհ:

«Հիմա, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի, մենք հարցը քննարկել ենք նաեւ վարչապետի հետ եւ ռիսկի պրոֆիլներ պետք է ներմուծենք եւ հաճախականություն սահմանելով, փորձենք կանոնակարգել նաեւ 25 կգ-ներով ներմուծումները»,-ասել է Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով Բագրատաշենի անցակետում ստեղծված իրավիճակին, երբ մարդկանց բեռը Թուրքիայից եկել է Վրաստան, իսկ էնտեղից չեն կարողանում բերել Հայաստան, ՊԵԿ նախագահն ասել էր. «Եթե ես փոստով պատվիրում եմ ինչ-որ մի դեղ, ինչո՞ւ եմ պատվիրում, որ դա գա Վրաստան, էնտեղից ինչ-որ մեկը բերի»:

Դիտարկմանը, որ միանգամից Հայաստան բերելու դեպքում ավելի թանկ է, քանի որ կգ-ն մոտ 4 դոլար է, Անանյանն արձագանքեց. «Պետք է քննարկել, որ եթե միանգամից Հայաստան գային, մաքսային ձեւակերպում պետք է ունենային, թե չունենային»: