Հունվարի 4-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում տարեց տանտիրուհուն դանակով սպառնացել են եւ թալանել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մտել են 82-ամյա Վ․ Մ․-ի տուն, եւ դանակի սպառնալիքով հափշտակել գումար ու ոսկյա զարդեր:

Հունվարի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի՝ ավազակության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործը:

Հունվարի 24-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ, պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում են կատարել հրազդանցիներ՝ 25-ամյա Դավիթ Փ․-ն եւ 26-ամյա Սահակ Խ․-ն, որոնք նույն օրը, ժամը 13.25-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտից բերման են ենթարկվել բաժին եւ ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: