ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցեր է կատարել Արարատի մարզի տարբեր դպրոցներ:

Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով:

«Այսօր հասցրել ենք 5 դպրոցում լինել և վեր ենք հանել մի շարք խնդիրներ: Առաջնային հարցերից, որ մեզ հետաքրքրում էր, աշակերտների հաճախելիության հարցն էր: 5 դպրոցից 4-ում բացակայությունների թիվը շատ փոքր էր, իսկ մյուսում՝ 15 տոկոսի սահմանում էր: Հիմնական պատճառը վիրուսային հիվանդությունների հետ է կապված»,- նշեց նախարարը և հավելեց, որ դպրոցներում ջերմաստիճանը պատշաճ մակարդակի է եղել:

Նրա խոսքով՝ դասասենյակներ կային, որտեղ անգամ շոգ է եղել, սակայն եղել է նաև մի դպրոց, որի ճաշարանում ցուրտ էր:

Նախարարի կողմից համապատասխան հրահանգավորումներ են եղել, որպեսզի այդտեղ նույնպես համապատասխան ջերմաստիճան ապահովվի:

«Որոշ դպրոցներում ընդհանուր պայմաններն այնքան էլ բարվոք չէին: Շենքեր կան, որոնք վթարային տարբեր աստիճանների են և վերանորոգման կարիք ունեն»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ յուրաքանչյուր ամիս անակնկալ ձևով այցելելու է ՀՀ որևէ մարզի տարբեր դպրոցներ: