Հունվարի 5-ին ոստիկանության Արաբակիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը Վաղարշյան փողոցում գործող սուպերմարկետից գաղտնի հափշտակել էր թանկարժեք կոնյակ։
Արաբկիրի ոստիկաններն անմիջապես մեկնել էին դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ հետաքննական միջոցառումներ։ Սուպերմարկետին պատճառվել էր շուրջ 130,000 դրամի վնաս։

Արաբկիրի ոստիկանները ձեռնարկեցին միջոցառումներ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Այս ընթացքում ոստիկանության տարածքային տարբեր ստորաբաժանումներում ևս ալկոհոլային խմիչքների գողության վերաբերյալ հաղորդումներ էին ընդունվում, ստացվում էին օպերատիվ տեղեկություններ։ Թիրախում սուպերմարկետներն ու խանութներն էին։ Գողանում էին համեմատաբար թանկարժեք խմիչքները։ Վարկած կար, որ ոստիկաններին հայտնի բոլոր գողությունները կատարում է նույն անձը։

Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում Արաբկիրի ոստիկաններին ի վերջո հաջողվեց պարզել հունվարի 5-ին սուպերմարկետից կոնյակ գողացած անձի ինքնությունը։ Կապանում հաշվառված 56-ամյա Ռուդիկ Բաբայանն էր, որը նույն օրը մայրաքաղաքում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության բաժին։

Նմանօրինակ գողությունների միջև կապի վերաբերյալ ոստիկանների ունեցած վարկածը հաստատվեց։ Պարզվեց, որ Բաբայանը կատարել է մի քանի տասնյակ գողություններ Երևանի տարբեր վարչական շրջաններում և հանրապետության գրեթե բոլոր մարզերում՝ մայրաքաղաքից մինչև Սևան, Մարտունուց մինչև Մասիս։
Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: