Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Ստեփանակերտում ընթացող 33-րդ Ընդհանուր ժողովից հայտարարություն է տարածել։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։

Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅ Դաշնակցությունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման հարցերում եւ հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:

Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի եւ միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները,

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝

• Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,

• Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»։