Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլի Հայաստանի Ազգային Հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»/Arsenal-ի/ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ:

Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին:

Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին: