Հայտնի հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը հետաքրքիր զրույց է ունեցել Sports.ru-ի թղթակցի հետ ու պատմել իր լրագրողական կարիերայի հետաքրքիր դրվագների մասին, այն մասին, թե ֆուտբոլային աստղերից ում հետ է ինտենսիվ ու ջերմ շփման մեջ:

«Շատ հպարտ եմ, որ Աշխարհի առաջնությունից հետո սկսեցի շփվել Չավիի հետ:

Ես մեկն էի նրանցից, ով Ռուսաստանում ընդունեց նրան: ԱԱ-2018-ի «ժամանակ «Ալֆա Բանկի» միջոցառմանը հրավիրել էինք միանգամից 8 աստղի: Չավիից բացի եկել էին նաև Ֆորլանը, Կաֆուն, Տրեզեգեն, Մխիթարյանը, Մաթեուսը, Գատուզոն, Ձանետին: Ինձ թվում էր, որ ամենաբարդը կլինի Չավիի հետ: Բայց շփումը միանգամից թեթև ստացվեց: Կարծում եմ՝ Չավին ու նրա ներկայացուցիչ Ֆերնանդոն առաջին հերթին գնահատեցին այն, որ ես մի քիչ խոսում էի իսպաներեն:

Ֆերնանդոն ինձ հարցրեց. «Որտե՞ղ կարող ենք ճաշել»: Ես թվարկեցի, թե մոտակայքում ինչ ռեստորաններ կան ու նշեցի, որ կա ռուսական՝ «Դոկտոր Ժիվագո» ռեստորանը: Ու հենց նույն պահին մտածեցի. «Գրողը տանի, այս ինչ արեցի: Այնտեղ սովորական օրերին է հայտնվելը դժվար, իսկ ԱԱ-ի օրերին՝ առավել ևս»: Թարսի պես նրանք որոշեցին ընտրել հենց «Դոկտոր Ժիվագոն»: Այնտեղ նաև Հենրիխ Մխիթարյանն ու իր քույրը՝ Մոնիկան կային, որոնց ևս նախատեսել էի հրավիրել ճաշելու: Ես ճշտեցի Չավիից՝ դեմ չի լինի՞, եթե Մխիթարյանը մեզ հետ գա: Նույնը հարցրի Հենրիխին: Երկուսն էլ, բնականաբար, կողմ էին:

Four Seasons հյուրանոցից «Դոկտոր Ժիվագո» ճանապարհը կարճ է, բայց պետք է անցնեինք գետնանցումով: Պատկերացնո՞ւմ ես. Չավին, Մխիթարյանը, անցում, առևտրի կենտրոն… Ու մտածում եմ՝ ինչ անել. հիմա կգնանք, այնտեղ տեղ չի լինի, ու ինձ խայտառակ ձևով դուրս կշպրտեն: Խուճապահար զանգում եմ Գերման Տկաչենկոյին, որը տեսականորեն կարող էր լուծել խնդիրը: «Գերման, ես պարտական եմ ձեզ, խնդրում եմ, ինձ 5 հոգու համար սեղան է պետք»: Նա ասում է. «Ինձ 3 րոպե տուր»: Ես ասում եմ. «Գերման, 3 րոպե չկա, առավելագույնը՝ 2: Ինձ համար չէ, այնտեղ հանդիպման չեմ գնում: Այստեղ են Չավին, Մխիթարյանը: Մի բան արեք»: Բացում եմ «Դոկտոր Ժիվագոյի» դուռն ու հենց այդ պահին՝ զանգ Գերմանից. «Քո անունով սեղանն արդեն պատվիրված է»: Ես խորը շունչ եմ քաշում, մենք նստում ենք, ու ես սկսում եմ նրանց պատմել ռուսական խոհանոցի մասին»: