Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է, գրում է shantnews.am-ը:

Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի փոփոխությունը 10 տարվա ընթացքում: Նույն կերպ ալիքը անդրադարձել է նաև հետխորհրդային տարածքի մյուս ղեկավարների 10-ամյա փոփոխություններին։

Ադրբեջան․ այստեղ ոչինչ չի փոխվել ըստ էության։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը 2009 թվականին էլ էր երկրի նախագահ, հիմա էլ է նախագահ, ու տեսականորեն կարող է սրանից 10 տարի հետո էլ լինել հարևան երկրի նախագահ, քանի որ ոչ մի օրենսդրական սահմանափակում չկա դրա վերաբերյալ։ Մինչև նրա իշխանության գալն էլ Ադրբեջանի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։

Բելառուս․ նույնը այստեղ է։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է գլուխ գովել, որ կարող է 10 տարվա փոխարեն մասնակցել #20YearChallenge-ի, քանի որ երկրի նախագահի պաշտոնում է 1994 թվականից։ Ինչպես և նրա գործընկերը՝ Իլհամ Ալիևը, նա նույնպես կարող է հաջորդող տասնյակում էլ լինել երկրի նախագահ, քանի որ Բելառուսում նույնպես որևէ արգելք չկա բազմաթիվ անգամներ նախագահ առաջադրվելու հարցում։

Ղազախստան․ այստեղ երկրի նախագահը մյուս տարի կկարողանա մասնակցել #30YearChallenge-ի, քանի որ իշխանության ղեկին է 1990-1991 թվականներից՝ երկրի անկախացումից ի վեր (1990 թվականին նա Խորհրդային Ղազախստանի ղեկավար էր ընտրվել)։ Նուրսուլթան Նազարբաևն այժմ 78 տարեկան է։

Ռուսաստան․ 2000 թվականից երկիրը ղեկավարող Վլադիմիր Պուտինն այս պահին երկրի նախագահի պաշտոնում է, 2009 թվականին՝ վարչապետի պաշտոնում էր, բայց դա քիչ էր փոխում նրա գործառույթները։ Ռուսաստանում գործում է սահմանադրական սահմանափակում՝ նույն մարդը չի կարող երկու անգամից ավել առանց ընդմիջման առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։ 2000-2004 ու 2004-2008 թվականներին առաջին երկու ժամկետների ավարտից հետո նա նախագահի պաշտոնը մեկ ժամկետով զիջեց այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևին, ու 2012 թվականին վերադարձավ նախագահի պաշտոնին։

Թուրքմենստան․ դժվար է հավատալ, բայց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այս երկրի նախագահ է ընդամենը 12 տարի։ Նա այդ պաշտոնում ընտրվել է իր նախորդի՝ Սաֆարմուրադ Նիյազովի մահվանից հետո։ Ու միևնույն է, #10YearChallenge-ի շրջանակներում նրա մոտ փոփոխություն չի եղել՝ և՛ 2009-ին, և՛ 2019-ին՝ Թուրքմենստանի նախագահ։

Ուկրաինա․ այս պահին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Պորոշենկոն 2009 թվականին զբաղեցնում էր երկրի կենտրոնական բանկի նախագահի, ապա՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Նա իշխանության եկավ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության՝ Մայդանի արդյունքում։