Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը:

Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: