Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Ջ. Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը եւ Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը գործը քննող ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին:

2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդել էին ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել: Միջնորդությունը հիմնավորել էին նրանով, որ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրով «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց եւ այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների եւ այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները», իսկ ռուսական ռազմաբազան, փաստ է, որ գտնվում է ՀՀ տարածքում:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: