SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Սպիտակի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Կամո Քալաշյանի նկատմամբ։

Վերջինս կասկածվում է հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում 41-ամյա Գարուշ Մարությանին հրազենով սպանելու, ականջներից մեկը կտրելու և մեկն էլ վնասելու մեջ։

Դատավորը դռնփակ դատական նիստն ացնկացնելուց, խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը, և Կ. Քալաշյանը, ով սպանության օրը հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, կալանավորվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ նրան տեղափոխել են արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ ժողովրդին հայտնի «ЦБ»։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում կա ձերբակալված։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, կասկածյալը Վանաձոր քաղաքի 31-ամյա բնակիչ է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր և գտնվում էր Լոռու մարզի ոստիկանների հսկողության տակ։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ հունվարի 15-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։

Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։