ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ում, անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպանի հետ կապված կրքերի թեժացմանը, նշել է, որ Արման Աբովյանը 3 տարի աշխատել է Անդրանիկ Մանուկյանի հետ։ «Դա իր անձնական հարցն է, դա քաղաքական հարց չէ, որ կուսակցությունը գնահատական տա»,- ասել է նա։

Արձագանքելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցին, որտեղ վերջինը նշել էր, որ «ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր», Գ. Ծառուկյանն ասաց. «ԲՀԿ-ն աջակից է եղել հեղափոխությանը, պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին ու հետևողական աջակցելու ենք, որ իր ներկայացրած ծրագիրը կատարի: Եթե մի որևիցե տեղ վնաս լինի ժողովրդին, մենք մեր ձայնը կբարձրացնենք… Ով ինչ ասում ա՝ իրա համար ա ասում: Մենք կենտրոնամետ ուժ ենք ու մեր ցանկությունն է տնտեսական հեղափոխություն, աշխատատեղ, ներգաղթ: Կորոշի ժողովուրդը՝ տեսնելով մեր աշխատանքը: Եթե կոալիցիայի մեջ չես, ընդդիմություն ես, իսկ հիմնական խնդիրը՝ քաղաքացիները շահերը պաշտպանելն է»։