Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2018 թ. զեկույցում անդրադարձ է կատարել նաև Թուրքիային և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այս մասին հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Կազմակերպության գործադիր տնօրեն Քենթ Ռոթը զեկույցում Թուրքիային դասել է պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին:

Ռոթը, որպես ամենաթողության օրինակ, երբ երկրի ներսում  ժողովրդի ընդվզումը բռնությամբ է ճնշվում, և արտաքին աշխարհը աչք է փակում այդ ամենի վրա, մատնացույց է արել նախագահ Թայիփ Էրդողանին:

Անդրադառնալով Էրդողանին՝ Ռոթը նշել է. «Թուրքիայում առկա ժողովրդավարական համակարգը մեծապես վնասվում է անձի անձեռնմխելիության հետևանքով, իսկ Եվրոպան փախստականների մուտքը դեպի իր տարածք կանխելու համար կենտրոնացել է Թուրքիայի աջակցությունը ստանալու վրա»:

Զեկույցում, Թուրքիայի հետ, պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին են դասվել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Չինաստանն ու Ռուսաստանը: