Ռազմաբժշկական հանձնաժողովի վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զորակոչիկների շրջանում շատացել են ողնաշարի, տեսողության հետ կապված խնդիրները, ինչպես նաև  ալերգիկ և սիրտ-անոթային հիվանդությունները:

Հունվարի 17-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ  ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի խոսքով`  ԶՈՒ համալրման գործընթացում կարևոր դեր  ունեն զորակոչվածների ինչպես քանակական, այնպես էլ որակական չափորոշիչները, իսկ որակական չափորոշիչներից կարևորագույնը զորակոչիկի առողջական վիճակն է:

«Ռազմաբժշկական վարչության կողմից առավելագույնն է արվում, որպեսզի հիվանդ կամ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում, քանի որ այդ առողջական չափորոշիչները մեծ ազդեցություն են ունենում մարտական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությունների կազմակերպման վրա:  Ռազմաբժշկական ծառայության  առաջին հանդիպումը զորակոչիկների հետ  տեղի է ունենում  հավաքակայանում: Հավաքակայանում գործում է ռազմաբժշկական հանձնաժողով, որի կազմում ՊՆ տարբեր մասնագետներ են, ովքեր կատարում են ֆիլտրում: Հենց հավաքակայանում կատարվում են բոլոր ներկայացածների փաստաթղթերի, անձնական գործերի քննություն, ջերմաչափում, մարմնազննություն, իրականացվում է ֆլյուրոգրաֆիա: Այդ ընթացում բացառվում է սուր առողջական խնդիրներով անձանց զորակոչումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում ներկայումս սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակ է, Հովհաննիսյանը նշեց, որ նմանատիպ հիվանդություններով զորակոչիկներին հայտնաբերելուն պես ուղարկում են Կենտրոնական հոսպիտալ կամ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ բուժումը իրականացնելուց հետո ներկայացնում ըստ իրենց զորամասերի:

«Մեր զինվորների առողջությունը մեզ համար կարևորագույն հանգամանք է, և արվելու է առավելագույնը, որպեսզի զորքի համաճարակային իրավիճակը կայուն պահենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը: