Ուկրաինայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ  ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում հայտարարեց ինքը՝ Անդրանիկ Մանուկյանը, նշելով, որ պատգամավոր Բաբաջանյանը խորհրդարանում իր հասցեին զրպարտիչ հայտարարություններ է արել։ «Ես պատրաստվում եմ դատական գործընթաց սկսել, այս պահին պայմանավորվածություն ունեմ  հեղինակավոր իրավաբանական ընկերության հետ, եւ պահանջում եմ, որ այդ պատգամավորը ապացուցի իմ հասցեին հնչեցրած մեղադրանքները։  Դրան դատի եմ տալու,   զրպարտիչ հայտարարություններ է արել։ Այս պահին զերծ կմնամ այլ մեկնաբանություններ հնչեցնելուց»,- ասաց Ա․ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում  Բաբաջանյանը նշել էր, որ Անդրանիկ  Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ, նրա օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները: Արման Բաբաջանյանը նաեւ նշել էր, որ Ա․ Մանուկյանը բիզնես ունի Ուկրաինայում։