Երեւանի ավագանու հունվարի 15-ին հրավիրված արտահերթ նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին, քանի որ ավագանու մի քանի անդամներ պատգամավորական մանդատ ստանալու առնչությամբ ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում են ներկայացրել։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամներ Լուսինե Բադալյանը, Նարինե Խաչատուրյանը, Արթուր Դավթյանը, Նարեկ Զեյնալյանը, Գայանե Աբրահամյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամ Արման Աբովյանը, «Լույս» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամ Անի Սամսոնյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։

Նշենք, որ վերջիննսերս հունվարի 14-ին ստանձնել են ԱԺ պատգամավորական մանդատներ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14.01.2019 թվականի արձանագրությունների համաձայն՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Ռաֆայել Ավետիսյանին, Սաշա Կատվալյանին, Աննա Ջավախյանին, Աշոտ Սարգսյանին, Արթուր Մայիլյանին, Վազգեն Դարբինյանին, Արուսյակ Հարությունյանին եւ Հայկ Միրզոյանին։ Երեւանի ավագանու «Լույս» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ  լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Լույս» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Թեհմինա Վարդանյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ  լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է Լյուդմիլա Սարգսյանին։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար է նշանակվել Միքայել Մանրիկյանը։