ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահին կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսին կառաջադրի ԲՀԿ-ն և մեկը՝ «Լուսավոր Հայաստանը»: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ մինչ այս խորհրդարանական ուժերի միջև տեղի են ունեցել քաղաքական կոնսուլտացիաներ և եկել են համաձայնության, թե որ հանձնաժողովի նախագահի թեկնածության իրավունքը որ խմբակցությանն է պատկանում:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թվարկեց այն հանձնաժողովները, որոնց նախագահին կառաջադրի իրենց խմբակցությունը և նշեց իրենց թեկնածուի անունը:

Ըստ այդմ, առաջարկվում են հետեւյալ թեկնածությունները.

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով  — Նարեկ Զեյնալյան

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – Ռուբեն Ռուբինյան

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով – Մխիթար Հայրապետյան

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – Արման Եղոյան

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով – Անդրանիկ Քոչարյան

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով – Վլադիմիր Վարդանյան

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով – Վարազդատ Կարապետյան

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով – Բաբկեն Թունյան:

ԲՀԿ-ին բաժին է հասել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը) եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (Միքայել Մելքումյան):

«Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրվեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը: