»»»Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։

Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք եւ Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու եւ համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»։