»»Արցախի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի լիիրավ մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին

Արցախի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտի լիիրավ մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հունվարի 14–ին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Մասիս Մայիլյանը կարևորել է պատերազմի հեռանկարի բացառումն ու հակամարտության գոտում կայունության պահպանումը։ Նա նշել է, որ Արցախի իշխանությունները մշտապես աջակցել են ԵԱՀԿ առաքելության կողմից Արցախի և Ադրբեջանի միջև պետական սահմանին և զինված ուժերի շփման գծում իրականացվող հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացմանը, ինչպես նաև հանդես եկել՝ հօգուտ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանն ու դիտարկման հնարավորությունների ավելացմանը։

Միևնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը՝ ուղղված շփման գծում կայունության պահպանմանն ու կարգավորման գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Նա նշել է, որ Արցախը միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։

Կարգավորման գործընթացում արդյունավետության ապահովման առումով Մասիս Մայիլյանն ընդգծել է բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումն ավելի է հստակեցվել, մասնավորապես՝ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության շուրջ, և լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումներին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար պատասխանատվության իրենց բաժինը։

Արտգործնախարարը նաև նշել է, որ ԱԳՆ կողմից հետևողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ասպեկտների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում և այլ միջազգային կառույցներում որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են Արցախի ԱԳՆ շուրջ տասը հուշագրեր և այլ փաստաթղթեր։

ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է 2018 թ. արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացված աշխատանքները՝ նշելով, որ ԱԳՆ-ն շարունակել է իր գործունեությունը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020 թթ. ծրագրում նշված երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններով։

2019-01-14T19:45:31+04:00January 14 19:45|Հասարակություն|0 Comments