», Տեսանյութեր»Քննչական կոմիտեն կարճել է Երեւանի ավագանիում ծեծկռտուքի քրգործը. (տեսանյութ)

Քննչական կոմիտեն կարճել է Երեւանի ավագանիում ծեծկռտուքի քրգործը. (տեսանյութ)

ՀՀ Քննչական կոմիտեն  կարճել է  2018 թ․ փետրվարի 13-ին ավագանու նիստի ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

«Ես չեմ հասկանում հանցակազմն ինչում էր կայանում, որ բացակայում է, սակայն ակնհայտ հանցագործներ այնտեղ կային, եւ ես պահանջելու եմ, որ նրանք կանգնեն արդարադատության առջեւ։ Եթե չեն կանգնում Հայաստանում, ուրեմն կկանգնեն Եվրոպական դատարանի առաջ»,– ասել է նա։

Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, 2018թ. փետրվարի 13-ին, ծեծկռտուք է եղել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձել էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտ կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ էին հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով: