Նախօրեին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի են ենթարկել քաղաքի Կենտրոնական խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանին:

Ինչպես հայտնում է 112.ua կայքը, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Վադիմ Միրոզոյանի վրա իրականացված հարձակման գործով: Միջադեպը որակվել է որպես մահափորձ:

«Կատարվածի մասին տեղեկություն ոստիկանությունում ստացվել է հունվարի 9-ին՝ 20:00-ի սահմաններում: Ոստիկանություն զանգահարել Կրիվոյ Ռոգի հիվանդանոցներից մեկի բժիշկը: Շտապ օգնությունը տուժածին՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած 1984 թվականի ծնված տղամարդուն, հիվանդանոց է տեղափոխել 18:30-ին: Դեպքի վայր ժամանելով պարզվել է, որ անհայտ անձինք, գազի բալոն օգտագործելով, հարձակվել են տուժածի վրա և մարմնական վնասվածքներ հասցրել մետաղական խողովակով: Դրանից հետո հարձակվողները փախել են անհայտ ուղղությամբ», — ասվում է ոստիկանական հաղորդագրության մեջ:

«Բատկիվշչինայի» մամլո ծառայությունից հայտնել են, որ Միրզոյանի մոտ գանգուղեղային վնասվածք է ախտորոշվել, ինչպես նաև բազմաթիվ կոտրվածքներ: