Այն, որ Հայաստանում  տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանություններին տարբեր ծառայություններ մատուցածները, որոնցից ոմանք նաեւ բարեկամամական կապերով էին կապված սերժահանրապետական ռեժիմին պետք է հայտնվեին «նոր» Հայաստանում եւ զբաղեցնեին պատասխանատու պաշտոններ, որեւէ մեկի համար նորություն չէր։ Ոմանք անգամ առաջնորդվեցին «ստանալ հաճույք՝ մնալով կույս» կարգախոսով։

Միայն, թե հասարակության հիշողությունը կարճ չէ, եւ յուրաքանչյուր ոք հստակ գիտի, ներկայիս իշխանավորներից յուրաքանչյուրի անցած ճանապարհն ու այդ ճանապարհին ձեռք բերած «կապերը»։

Բավականին ազդեցիկ կապեր ունի եւ տեղեկությունների համաձայն հենց այդ կապերի միջոցով է օրինակ Վիկտոր Մնացականյանը, հայտնի Վիտյան հայտնվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Մեր օրերի հեղափոխականը բավականին հարմարավետ ժամանակին տեղավորվել էր  Հովիկ Աբրահամյանի կաբինետում, երբ վերջինս զբաղեցնում էր ԱԺ նախագահի պաշտոնը։  Վիտյան մեկ «առավելություն» եւս ունի։ Նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի սանիկն է։

Նախկին իշխանությունների օրոք էլ հասցրել է կարգին «դզվել», եւ հիմա աշխատում է Կարգին Հայկոյի կաբինետում։ Կենտրոնի թաղապետի պաշտոնում նշանակվելուց հետո էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների Վիկտոր Մնացականյանն ավելի շատ ժամանակ է անցկացնում սրճարաններում եւ իրեն պատկանող օբյեկտներում, որոնք մեծամասամբ գտնվում են Աբովյան փողոցում, քան՝ սեփական աշխատավայրում։ Սրանով է թերեւս պայմանավորված այն հանգամանքը, որ Երեւանի սիրտը համարվող Կենտրոն վարչական շրջանը գտնվում է ոչ կարգին վիճակում։ Փոխարենը աղբահանությամբ զբաղվի թաղապետը, «բեյջը» գցել է վզից եւ շրջում է Կենտրոնով, չմոռանալով իհարկե տեսախցիկներ էլ իր հետ վերցնել։ «Դե մարդն աշխատում է», պետք է տեսանկարահանել։ Նա երեկ իսկական շոու էր կազմակերպել Տիգրան Մեծի պողատայում։

Այն, որ փողոցային առեւտուրը  պետք է կարգավորվի, եւ քաղաքը մաքրվի որեւէ մեկը չի առարկում, սակայն դա անել չառաջարկելով այլընտրանքային տարբերակներ տվյալ տնտեսվարողների համար  առնվազն խոսում է օրվա պաշտոնյանների անհեռատես գործունեության մասին։

Արդյո՞ք Կենտրոնի թաղապետը նույն կերպ կվարվի իր մտերիմների եւ այն տնտեսվարողների հետ, ովքեր քաղաքի բանուկ հատվածներում օրինակ շրջիկ սրճարաններ են տեղադրել։ Այս հանգամանքը կարծես թե «վրիպում» է թաղապետի  հեռատես աչքերից։

Օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլորը։ Այս ոսկե կանոնը չի գործել ինչպես «հին», այնպես էլ «նոր» Հայաստանում, որտեղ Վիտյան ու յուր համակիրները հարմար  տեղավորվել են։

Irakanum.am