2018թ դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին էր ուղարկվել «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ.-ի դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի անհայտ անձը ազգային պարկի Հաղարծին տեղամաս մասնաճյուղի թիվ-2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի կերպով հատել է 15 տարբեր տեսակի և տրամագծի թաց կանգուն ծառեր:

Դիլիջանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ անհայտ անձի կողմից նշված տարածքում հատվել է ոչ թե 15, այլ 18 թաց կանգուն ծառ, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5. 550. 000 դրամի նյութական վնաս:

Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով Դիլիջանի բաժին է հրավիրվել Թեղուտ գյուղի բնակիչ, 1985 թվականին ծնված Գ.Ղ.-ն:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործության մասին վկայող տվյալներ՝  ՀՀ ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ.Ղ-ն ձերբակալվել է: