Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Յուքոմ» ընկերությանը պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է:

Փրկարարներն էլեկտրական ցանցի աշխատակիցների հետ համատեղ սյունը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի գոտուց: