Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը հայտարարություն է տարածել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«2018 թվականի դեկտեմբերի 19-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ՝ ԻՀԱ) կողմից Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, կազմակերպվել էր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի (այսուհետ՝ Ռազմավարության նախագիծ) հանրային քննարկում՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան  ներկայացնող, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հարկ է նշել, որ վերոնշյալ հանրային քննարկմանը մասնակցելու հրավերներ ուղարկվել են մի շարք պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների։ Բացի այդ, միջոցառման մասին տեղեկությունը տարածվել էր նաեւ սոցիալական ցանցերի միջոցով:

Չնայած այն հանգամանքին, որ Ռազմավարության նախագիծը արմատական վերանայման կարիք ունի, այդուհանդերձ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ողջունում է ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ կառուցողական դաշտում երկխոսելու եւ Ռազմավարության նախագծի լրամշակման մասնակցային եւ թափանցիկ գործընթաց ապահովելուն ուղղված ջանքերը՝ արդյունքում կոնսենսուսային փաստաթուղթ ունենալու նպատակով։ Այս գործելաոճը դրական է գնահատվում ի տարբերություն նախորդ հակակոռուպցիոն ռազմավարությունների։

Ավելին, նախորդ՝ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության համար հիմք հանդիսացած «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը մշակվել էր «գերգաղտնի» պայմաններում: Հայեցակարգը մշակվել էր առանց որեւէ իրավական հիմքի ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որի աշխատանքները համակարգում էր ՀՀ նախկին նախագահի օգնականը։ Վերոնշյալ հայեցակարգի մշակման աշխատանքներին, ցավոք, մասնակցել է նաեւ ոլորտում գործող հասարակական կազմակերպություն։

Անդրադառնալով Ռազմավարության նախագծին, պետք է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակել է Ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել նախ՝ 2019 թվականի հունվարի 3-ը, ապա՝ հունվարի 8-ը: ՔՀԿ-ները այս փուլում մշակում են իրենց առաջարկությունները՝ Ռազմավարության նախագծի բարելավման նպատակով։

Այդ առնչությամբ, հաշվի առնելով դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված հարցադրումները, ինչպես նաեւ նկատի ունենալով վերջինիս վերաբերյալ դիտարկումներ եւ առաջարկություններ ներկայացնելու սուղ ժամկետները, Իրավաբանների հայկական ասոցիացիան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին իր 02/67 գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ընդունվելիք ծրագրում նախատեսվի հակակոռուպցիոն նոր՝ 2019-2022 թվականների ռազմավարության մշակման առավել իրատեսական ժամկետներ՝ այդ փաստաթղթի լրամշակման, մասնագիտական քննարկումների անցկացման, հանրության լայն շրջանակների ներգրավման նպատակով:

Կոալիցիան դրական է գնահատում Կառավարության՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության կայացրած որոշումը, որով երկարաձգվել է Ռազմավարության նախագծի e-draft.am կայքում հանրային քննարկումների ժամկետը, այն սահմանելով մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը։

Միաժամանակ նշենք, որ հանրային քննարկման ներկայացված Ռազմավարության նախագծի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաեւ մի քանի հասարակական կազմակերպություններ: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հիշյալ կազմակերպությունները Նախագծի վերաբերյալ իրենց կարծիքում անդրադարձել են Ռազմավարության նախագծի առանձին կարգավորումների, եւ նշել, որ Նախագիծը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի նիստի N 2 արձանագրային որոշմամբ հաստատված Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի պահանջներին:

Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության հիշյալ արձանագրային որոշումն ուժը կորցրած է ճանաչվել դեռեւս 2017 թվականին՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի նիստի N 42 արձանագրային որոշման 2-րդ կետով, հետեւաբար նշյալ կազմակերպությունների կողմից Ռազմավարության նախագծով նախատեսված կարգավորումների նկատմամբ ՀՀ կառավարության ուժը կորցրած արձանագրային որոշման կիրառմանն ուղղված պահանջները իրավազուրկ են եւ ոչ փաստարկված։

Հայտնենք նաեւ, որ առաջիկայում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կհրապարակի նաեւ Ռազմավարության նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը։