Հունվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ:

Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար:

Թեև կային որոշակի բացթողումներ, բայց ճանապարհային ոստիկանության նախատոնական ու տոնական օրերի ծառայությունը ոստիկանության պետը ընդհանուր առմամբ դրական գնահատեց. քանի որ նախորդ տարվա համեմատ ունենք զոհերի թվի նվազում:

Վալերիյ Օսիպյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով ու շարունակել բարեխիղճ ծառայությունը: Հրաման տրվեց հանդուրժողականություն չցուցաբերել ոչ մի օրինախախտի նկատմամբ, քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին բացառել շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը, բարձրացնել հաշվառման-քննական ստորաբաժանումներում ծառայության որակը, կանոնակարգել հերթերը, ճանապարհապարեկային ծառայությունը առավել հաճախ կազմակերպել այն վայրերում, որտեղ լինում են եղանակային վատ պայմաններ, օգնել ու աջակցել վարորդներին:

Ոստիկանության պետը ևս մեկ անգամ խիստ հանձնարարեց բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում և նշեց, որ ծառայությունը հաճախ ստուգվելու է:

Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված այլ հարցեր: