Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Ս.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:

Ս. Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ կատարելով Տնօրհնեքի արարողություն:

Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:
Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: