»»Ռուսաստանյան ընկերությունները ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին

Ռուսաստանյան ընկերությունները ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայաստանում կորպորատիվ զբոսաշրջության հնարավորություններին նվիրված շնորհանդեսը։

Ինչպես տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, «Ок Армения» խորագրով նախագիծը, որն իրականացվում է դեսպանության և կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ Գայանե Քոչարյանի նախաձեռնությամբ, այս անգամ համախմբել էր ռուսաստանյան տարբեր ընկերությունների և զբոսաշրջային օպերատորների ավելի քան 150 ներկայացուցչի։ Մասնակից-ընկերությունների թվում էին «Аэроклуб», «Demlink Travel», «American express», «BSI Group», «СТБ Турс», «МТС», «Мегафон», «Ernst&Young», «Philipp Morris», «General Electric», «KIA» ընկերությունները։

Երեկոյի հյուրերին ողջունել է դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը։ Հայաստանի կորպորատիվ զբոսաշրջության հնարավորությունները միջոցառմանը ներկայացրել են Գայանե Քոչարյանն ու հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները։

Ոլորտի մասնագետները ծանոթացել են նաև Հայաստանի զբոսաշրջային ոլորտի նորույթներին, այդ թվում՝ վերջին շրջանում բացված կորպորատիվ միջոցառումների համար նախատեսված հարթակներին։

Նախաձեռնության շրջանակներում հայաստանյան և ռուսաստանյան ընկերությունների միջև հաստատվել են գործնական կապեր։

Երեկոյի շրջանակներում տեղի է ունեցել նաև հայկական տոլմայի պատրաստման վարպետության դաս, որը վարել է «Megerian Carpet»-ի շեֆ-խոհարար Արտավազդ Սարուխանյանը։ Միջոցառումը շարունակվել է մշակութային ծրագրով։

Ներկաները մասնակցել են նաև Հայաստանում գործող միջազգային հյուրանոցային ցանցերի և ոլորտի այլ դերակատարների կողմից պատրաստված նվերների խաղարկությանը։

2018-10-11T22:49:07+00:00 Հոկտեմբերի 11 22:49|Հասարակություն|0 Comments