»»Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

Մենք հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Մենք ցանկացած քննարկումների պատրաստ ենք, բայց ինձ թվում է՝ մենք Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումներ կունենանք, որովհետև մինչև ընտրություններ մենք ԸՕ-ը պետք է բարելավենք: Մենք ավելի շատ, ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան արտահերթ ընտրությունների մասին մտածելը: Պետք է Ընտրական օրենսգիրքը հասցնենք ավարտուն տեսքի»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի գիշերը Մանհեթնի «Յեյլ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևան վերադառնալուն պես բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ՝ ԱԺ-ը ցրելու մասին:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընտրությունների արդյունքն ավելի ընկալելի կլիներ, եթե անձամբ վարչապետի միջամտությունը չլիներ:

«Վարչապետի համար պետք է միևնույն լինի, թե ով կլինի քաղաքապետը, որովհետև ինքը բոլորի վարչապետն է: Կարծում եմ՝ նույն արդյունքը նորից կապահովվեր, որովհետև բոլորը գիտեն, որ դա վարչապետի քաղաքական ուժն է: Վարչական ռեսուրսի մասին երբ խոսում ենք, եթե երկրի առաջին դեմքով նման հայտարարություններ արվում են, մի փոքր քաղաքական տեսանկյունից ընկալելի չէ»,- ասել է նա:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ ավագանիում ավելի շատ՝ 6-7 քաղաքական ուժեր ներկայացված լինեին:

Հարցին, թե ընդունո՞ւմ է, որ Հայաստանում վերջապես տեղի ունեցան ազատ, արդար ընտրություններ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ցանկացած ընտրության ժամանակ նման կարծիքներ արտահայտում են: 2017 թ.-ի Ազգային ժողովի ընտրություններին նույն կարծիքն է հնչել բոլոր քաղաքական ուժերի կողմից և բոլոր միջազգային կառույցների կողմից»:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65 %-ը, ինչը, ըստ Վ. Բաղդասարյանի՝ բավականին քիչ մասնակցություն է:

«Գոնե 50 տոկոսից ավելի մասնակցություն պետք է լիներ, որ իմանանք, որ երևանցիների կամքն է դա: Ընդհանուր առմամբ, ընտրողների քանակին համապատասխան արտահայտվում է այն կամքը, որն արտահայտել է: Ես ասում եմ, որ ցանկալի կլիներ ավելի շատ մասնակցությունը»,- ասել է նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորում ընտրություններին քիչ մասնակցությունը, Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Ինձ թվում է՝ խնդիրը ժողովրդի հավատն ապագայի նկատմամբ: Ես համոզված եմ, որ ընտրողների 80-90 տոկոսը եղել է Երևանում, և նրանք կարող էին մասնակցություն ունենալ: Այսինքն՝ դեռ անտարբերությունը կա: Այս ոգևորության ֆոնի վրա պետք է նույնիսկ դրսից գային և իրենք քաղաքացիական պարտքը կատարեին»:

2018-09-24T16:12:43+00:00 Սեպտեմբերի 24 16:12|Քաղաքականություն|0 Comments