»»»Գագիկ Ծառուկյանի որոշումը․ հետընտրական կարևոր քայլ

Գագիկ Ծառուկյանի որոշումը․ հետընտրական կարևոր քայլ

Մայրաքաղաք Երեւանը երեկ արտահերթ ընտրություններում ընտրում էր քաղաքապետ։ 12 քաղաքական ուժ էր մասնակցում ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս վերջականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը։ Վերջինս արդեն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ պատարստ է ծառայել ժողովրդին։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները իրապես դիտվում էին որպես նոր իշխանությանը ուղղված ստուգարք, որը վերջինս լավ հանձնեց։ Նոր իրականությունում նոր մշակույթ եւս ձեւավորվեց, ինչի ականատեսը դարձավ ՀՀ քաղաքացին ։ Պարտված քաղաքական ուժերը ընդունեցին ընտրությունների արդյունքները, շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին։

Մասնավորապես «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջինը շնորհավորեցին Հայկ Մարությանին հաղթանակի կապակցությամբ։ Իրապես սա նոր իրողություն էր հայաստանյան ընտրական գործընթացում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միայն այս շնորհավորանքով չէ, որ ցույց տվեց, որ կանգնած է սեփական ժողովրդի կողքին: Այսօր հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի գործընկեր խաղողագործներից խաղողի բերքը մթերել ամենաբարձր սակագնով, ինչն աննախադեպ քայլ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկար ժամանակ խաղողագործները բարձրաձայնում էին այս խնդիրը, սակայն այն որևէ մակարդակում լուծում չէր ստանում: Ծառուկյանը այս քայլով ակնհայտորեն ցույց տվեց, որ սեփական ժողովրդի կողքին կանգնելու եւ նրա խնդիրները լուծելու առաջնահերթությունը եւ անհրաժեշտությունը իր համար որևէ քաղաքական մանդատով պայմանավորված չէ: 150 դրամով խաղողի բերքի մթերումը լուրջ սոցիալական աջակցություն է Արմավիրի ու Արարատի մարզերի հազարավոր խաղողագործների համար և դրա նշանակությունը չկարևորել հնարավոր չէ: Ստեղծված քաղաքական նոր իրավիճակում նման անշահախնդիր գործելաոճը արժանի է առանձնահատուկ գնահատականի, երբ գործիչի համար կարևորը ժողովրդի բարեկեցությունն է, այլ ոչ թե քաղաքականության միջոցով սեփական անձի կամ ուժի համար դիվիդենտներ հավաքելը:

Նախկին իշխանությունները սեփական ժողովրդին դիտարկում էին որպես ընտրազանգվածի, ում ձայնը գնելով պարզապես ապահովում էին սեփական վերարտադրությունը։ Երեկ տեղի ունեցած գործընթացն ու հեընտրական զարգացումը վկայությունն էր այն բանի, որ ՀՀ քաղաքացին է երկրի տերը, որին հաշվետու եւ որի խնդիրները իրապես մտահոգում են քաղաքական ուժերին։

Գագիկ Ծառուկյանի՝ խաղողթի մթերման գները բարձրացնելու վերաբերյալ հայտարարությունը իրապես կօգնի խաղողագործներին լուծել իրենց մտահոգող խնդիրները։ Հայաստանում նոր իրավիճակ է, որի պտուղները քաղելու է ՀՀ ժողովուրդը։

Irakanum.am