»»Նոր Հայաստան, նոր իրականություն. Փաշինյանը կատարելապես իրավացի էր

Նոր Հայաստան, նոր իրականություն. Փաշինյանը կատարելապես իրավացի էր

Հայտնի է դարձել, որ հարուցվել է քրեական գործ, որի կիզակետում հայտնվել է հայտնի գործարար Աշոտ Արսենյանը:

Վերջին տասնամյակների թալանի համակարգի մի անքակտելի մասնիկ էլ, ինչպես հայտնի է, տխրահռչակ գործարար Աշոտ Արսենյանն է. թերևս, շատ երկար կարելի է թվարկել այն բազմաթիվ ապօրինությունները, որոնք այս տարիներին կատարվել են նրա ձեռամբ, և որոնց մասին շատ լավ տեղյակ է յուրաքանչյուր մեկն, ով մաս է կազմում հայաստանյան կյանքին, տեղյակ է երկար տարիներ երկրում իշխած մթնոլորտին. հայտնի ՀՀԿ-ականը բազմաթիվ անգամներ կաշառել է, պատճառ դարձել մարդկանց անհիմն ձերբակալման, քննիչների, դատախազների, դատավորների միջոցով ապօրինի ճանապարհով ներդրողների ունեցվածքին տիրացել, մարդկանց ենթարկել աքսորի և այլն: Կարճ ասած՝ իսկական մարդակերություն:

Կորյուն Հակոբյանը, Գորիս քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով 20 տարի առաջ իր ունեցվածքը խլելու և իրեն բանտարկելու վերաբերյալ դեպքը, որի ակունքներում, ինչպես հայտնի է, ժամանակին կանգնած է եղել Աշոտ Արսենյանը, հարց էր ուղղել վարչապետին՝ կարո՞ղ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել դատախազությանը, թե՞ ստիպված է լինելու կրկին սպասել: Ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասել էր, որ եթե ներկայացվածը համապատասխանում է  իրականությանը, և առկա են համապատասխան փաստեր, ապա կարող են հիմա դիմել դատախազություն. ոչ ոք չի կարող ազդել օրինականության հատատման վրա:

Սանկտ Պետերբուրգում վարչապետի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպմանն էլ գործարար Մուրադ Մուրադյանն էր դիմել  Փաշինյանին՝ ասելով, որ շուրջ 20 տարի է՝ գտնվում է հետախուզման մեջ, Հայաստանում իրեն պատկանող «Գետափի գինու գործարանը» և «ՄԱԿ» ընկերության իրենց բաժնեմասերը իշխանության ներկայացուցիչները ժամանակին անօրինական կերպով տվել են Աշոտ Արսենյանին՝ Կորյուն Հակոբյանի վերաբերյալ դատավարության շրջանակներում, իսկ վերջինիս դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ ողջ գույքի բռնագրավմամբ: Վարչապետ Փաշինյանը Մուրադյանին ասել էր, որ կհանձնարարի ստուգել հայտնած տեղեկություններն, ինչպես նաև առաջարկել նույն ինքնաթիռով գալ Հայաստան:

Դրանից հետո Մուրադյանը վերադարձավ Հայաստան, հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ յուրատեսակ պայման դնելով Արսենյանի առաջ. եթե Արսենյանը մեկ շաբաթվա ընթացքում իր փաստաբանի հետ միասին գար հանդիպման և պատճառված վնասի կեսի չափով գումար փոխանցեր բանակին՝ գոնե նման կերպ օգուտ տալով հայրենիքին ու քավելով հանցանքներն, ապա կներվեր:

Այս մարդասիրական առաջարկը, սակայն,  համապատասխան ընկալման չարժանացավ Արսենյանի կողմից. Աշոտ Արսենյանը ու Սամվել Արսենյանը՝ եղբայրը, համապատասխան հետևություններ անելու ու սեփական վարքագիծը վերանայելու փոխարեն, սկսեցին նախորդ տասնամյակների  ոճով անհիմն մեղադրանքներ հնչեցնել՝ ֆեյսբուքյան էջերով հայտարարելով, զրպարտելով, որ Կորյունը և Մուրադն իբր հանցագործներ են և այլն:

Ենթադրելի է՝ Արսենյանի պաշտպանական բնազդը և տարիների ընթացքում սպիացած վախն այնքան ուժգին են ազդել նրա կամքի վրա, որ վերջինս անմիջապես հրապարակել է ազատության դիմաց Հակոբյանից կորզված «իրենից պարտք-պահանջ չունենալու» մասին պարտավորագիրը: Հարկ է  նշել նաև, որ «Ֆեյսբուքում» նրանց կողմից հնչեցրած հայտարարությունները շատ են օգնել 20 տարի առաջ քննված քրեական գործի վերանայման հարցում. երևան եկան մի շարք քաղաքացիներ, ովքեր քրեական գործի վերաբերյալ նոր ու արժեքավոր տեղեկություններ հայտնեցին, որ հիմք դարձան շինծու քրեական գործի վերանայման համար (hասկանալի պատճառներով նոր երևան եկած հանգամանքներն այս պահին չեն կարող  հրապարակվել):

Նրանց հայտարարություններից պարզվեց  նաև, թե ինչ զարտուղի ճանապարհներով է Արսենյանը դարձլ ԱԺ պատգամավոր. հիմնական գործոնը կաշառքն է  հանդիսացել, որի օգնությամբ էլ Արսենյանը հնարավորություն է ստացել՝ տեղ զբաղեցնելու ՀՀ օրենսդիր մարմնում: Ինչ վերաբերում է նրա՝ ՀՀԿ-ին մատուցած ծառայություններին, ապա մեկ բան հաստատ է. առնվազը կոճակ սեղմելու հարցում չի թերացել ու հուսախաբ չի արել սեփական կուսակցիներին, ինչի դիմաց էլ, բնականաբար, անվարձահատույց չի մնացել՝ վայելելով վերևների անվերապահ հովանավորությունն ու աջակցությունը՝ 20 տարի շարունակ:

Ժամանակները փոխվում են, ու հիմա Հայաստանն այլևս այն չէ, ինչ նույնիսկ մի քանի ամիս առաջ էր. նոր Հայաստանում որևէ մեկի համար կոճակ սեղմողը չի կարող արտոնյալ հռչակվել կամ բացառիկ մեկը դառնալ, ու նոր իշխանություններին սատարելն այսօր նախևառաջ արտահայտվում է օրենքի հանդեպ ունեցած առավել մեծ նախանձախնդրությամբ, ինչն, անկասկած, հրաշալի է ու վկայում է իրական փոփոխությունների անշրջելիության մասին:

Մտավախություններ կան, սակայն, որ Արսենյանը, դեռևս 90-ականների ոճով, այնուամենայնիվ, կփորձի ճնշում գործադրել իրականությունը բարձրաձայնող մարդկանց նկատմամբ՝ ելնելով առնվազն ինքնապահպաման բնազդից: Սակայն կասկած լինել չի կարող այն բանում, որ իրավապահները հավատարիմ կգտնվեն իրենց կոչմանն ու կհասնեն արդարության հաղթանակին. անօրեններն ու զոռբաները կգտնեն իրենց արդարացի պատիժն, ու օրենքը կհաղթի անօրենությանը: Ի դեպ՝ հայտնի է դարձել, որ  Արսենյանն ամեն կերպ ջանում է արագորեն վաճառել կամ մեկ ուրիշի անվամբ գրանցել սեփական ունեցվածքն՝ երկրից հապճեպորեն ճողոպրելու համար: Վստահ ենք՝ չի հաջողի:

Սա, թերևս, այն դեպքն է, երբ համբերությունն իսկապես կարող է կյանք դառնալ: Չկա կասկած, որ հեղափոխությամբ վերածնված Հայաստանում այլևս չեն լինելու արսենյաններ, չի լինելու թալան ու կամայականություն: Նոր իշխանությունները, քաջ գիտակցելով ստանձնած պատասխանատվության չափն ու գինը, վստահ ենք, ամեն ինչ անելու են երկրում օրենքի իշխանություն հաստատելու ու հին բարքերը մեկընդմիշտ թաղելու համար. միայն հարկավոր է վստահել ու հավատալ:

2018-09-21T17:46:23+00:00 Սեպտեմբերի 21 17:46|Հասարակություն|0 Comments