», Տեսանյութեր»ԿԸՀ-ն անիմացիոն հոլովակի միջոցով ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը

ԿԸՀ-ն անիմացիոն հոլովակի միջոցով ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը


Այցելելով քվեարկության սենյակ, մոտենում է մասնագետին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից:

Մասնագետը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգում է ընտրողի ինքնությունը և անձը հաստատող փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին անմիջապես հայտնվում է կարմիր նշան և հրավիրվում են ոստիկանության ծառայողները:

Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրաններին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից: Եթե տեխնիկական սարքավորումը ինքնուրույն չի ընթերցում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ապա ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ ներմուծվում են մասնագետի կողմից:

Եթե ընտրողը գրանցված է տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան: Ընտրողը ներմուծում է աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը:

Մասնագետն ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և քվեարկության կտրոնը վերադարձնում է ընտրողին, որից հետո վերջինս գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին տալիս է իր քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում փնտրում է իրեն մոտեցած ընտրողի անուն ազգանունը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց:

Հանձնաժողովի անդամը ընտրողի ստորագրության դիմաց և քվեարկության կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ընտրողների ցուցակում չեն լրացվում: Եթե ընտրողը չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում մեկ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար, անցնում է քվեարկելու: Ընտրողը քվեարկում է գաղտնի, ապա քվեաթերթիկը դնում ծրարի մեջ: Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը: Ընտրողը չպետք է քվեաթերթիկը քվեախցիկում թողնի:

Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու:

Եթե ընտրողը կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկ ստանալու համար: Քվեարկելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է նրա կտրոնը և առանց քվեարկության ծրարը ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփը, և ընտրողը քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից:

2018-09-13T15:43:47+00:00 Սեպտեմբերի 13 15:43|Հասարակություն, Տեսանյութեր|0 Comments