»»Նախընտրական շրջանում բարեգործությամբ զբաղվելը կդառնա քրեորեն պատժելի

Նախընտրական շրջանում բարեգործությամբ զբաղվելը կդառնա քրեորեն պատժելի

Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը սկսել է աշխատել Քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների ուղղությամբ։

Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը  ասաց՝ նախատեսվում է խստացնել ընտրախախտումների պատժաչափերը։ Քրեականացվելու է նաեւ նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտումը։

«Մենք ուզում ենք ընտրություններից առաջ ունենալ Քրեական եւ Վարչական իրավախախտումների մասին  օրենսգիրք, որտեղ մանրամասն ու հստակ նշվելու են խախտումներն ու ավելի են խստացվելու պատժաչափերը։ Աշխատանքներն այս ուղղությամբ ինտենսիվացրել ենք։ Այս փոփոխությամբ ամբողջությամբ  վերաձեւակերպված են ընտրակաշառքի հոդվածը, բարեգործության արգելքի խախտումը, մի շարք արարքների համար ընտրությունների արդյունքների կեղծումը։  Ընտրախախտումների համար նախատեսված պատժաչափերն ավելի խստացվելու են»,- ասաց նա:

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ընտրությունների արդյունքները կեղծելու պատժաչափը կարող է հասնել մինչեւ ութ տարվա ազատազրկման, իսկ վարչական ռեսուրսի չարաշահման համար սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում։ Նույնչափ ազատազրկում է սպասվում նաեւ լրագրողների, դիտորդների, հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար։

«Բարեգործության արգելքի խախտումը քրեականացվելու է եւ լուրջ սանկցիաներ են նախատեսվում»,– ասաց Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ փորձելու են այս աշխատանքները ավարտել մինչեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։

2018-08-15T21:05:36+00:00 Օգոստոսի 15 21:00|Հասարակություն|0 Comments