»»»Փաշինյանի խոսնակը՝ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

Փաշինյանի խոսնակը՝ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան այն հարցի, որ այսօր տեղի ունեցած  ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։

«Իհարկե՝ ոչ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրս ձևավորելու առումով վարչապետի դերը մեծ է, և նա այս պահի դրությամբ ամենահայտնի քաղաքական գործիչն է Հայաստանում։

«Քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրքորոշումից բխած գործողություն է, ամեն մարդ ազատ է իր գործողություններում։ Այստեղ էականն այն է, թե այդ մարդը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է»,- ասաց  Եղոյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այլ կուսակցությունների համակիրներ կամ անկուսակցականներ։

Irakanum.am