Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 30-ին, ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից հայտնում են, որ Ինդոնեզիայի Խորհրդատվական պալատի փոխնախագահը կարեւորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական եւ տնտեսական ոլորտներում եւ շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր Մանթեն նշել է, որ իրենք խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում:

Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով հուշագրի ստորագրման հնարավորությունները, զբոսաշրջությամբ երկու երկրների միջեւ կապերը խորացնելու հարցերը:

Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքեր գործադրելու եւ հույս հայտնել, որ քննարկված ձեւաչափերն առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել:

Հանդիպման ավարտին Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահը պաշտոնապես հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելել Ինդոնեզիայի Հանրապետություն: