ՀՀ արդարադատության նախարարությունը, կարեւորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի  26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

Նախարարությունից հայտնում են, որ նշված նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի կալանավորված անձանց եւ դատապարտյալներին բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների պատշաճ մատուցումը, կհստակեցվի կալանավորված անձանց եւ դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծավալը, բովանդակությունը, կապահովվի կալանավորված անձանց եւ դատապարտյալների ուղեգրման գործընթացի արդյունավետությունը, կստեղծվեն անհրաժեշտ երաշխիքներ եւ կառուցակարգեր՝ կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի ապահովման համար: