Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն առաջարկել է ստուգումներ կատարել տուն-ինտերնատներում: Գրիգորյանը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում նախաքննությամբ ձեռք բերված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ փաստական տվյալների մասին պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին՝ առաջարկելով ստուգումներ իրականացնել ոչ միայն «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում, այլեւ՝ նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս տուն-ինտերնատներում,ինչպես նաեւ՝ կատարել ապրանքանյութական արժեքների գույքագրում:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ տվյալներ են ձեռք բերվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Ա.Հարությունյանը, նախնական համաձայնության գալով պահեստապետի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին: Բացի այդ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաեւ նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3.569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին։ Պատճառված վնասը կազմում է 3.069.940 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում ՊՈԱԿ-ում հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ։