ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ Իտալիան արագորեն կվավերացնի ՀՀ–ԵՄ համաձայնագիրը։

Հանդես գալով Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ՝ Արմեն Սարգսյանը գոհունակությամբ հայտնել է, որ քննարկվել է հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, հաստատվել են միջպետական հարաբերությունների ամրապնդման մտադրությունը։ Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունը զարգացնելու համար, այդ թվում`Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Նշվել է, որ այս տարի որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Իտալիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նաեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունի, եւ այդ կապակցությամբ հույս է հայտնել, որ շուտով Իտալիան կվավերացնի համաձայնագիրը։ Հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նշվել է իրավական դաշտի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը, որն ընդգրկում է ավելի քան երեք տասնյակ փաստաթղթեր:

Կողմերը շեշտել են գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ մարդկանց միջեւ շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Մշակութային ժառանգության պահպանման իտալական կենտրոնի բացումը, որը նախատեսված է վաղը, հետագայում եւս կխթանի մշակութային ոլորտում փոխգործակցությունը:

Իր հերթին Իտալիայի նախագահը ընդգծել է հարաբերությունների խորացման պատրաստակամությունը: Իտալիան գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից, դրանք արտացոլում են երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը, նշել է նախագահը: Նա նաեւ հավելել է, որ Իտալիան բարձր է գնահատում Հայաստան–ԵՄ համաձայնագիրը, ինչը Հայաստանին տալիս է զարգացման մեծ հնարավորություններ եւ կնպաստի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: