Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն: Նման որոշում ընդունվել է երեկ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում, որին մասնակցել է նաեւ ՔՊ վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով վարչության անդամների միջեւ բավականին բուռն քննարկումներ են ընթացել ինքնաառաջադրված չորս թեկնածուների առումով: Ապա հարցը դրվել է քվեարկության, որից հետո անցկացվել է երկրորդ փուլ:   Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մինչ երկրորդ փուլի քվեարկությունը հանդես է եկել ելույթով, նշելով, որ  Ալեն Սիմոնյանին համարում է իր հավատարիմ թիմակիցը եւ ընտրություն կատարելը իր համար դժվար է: Միաժամանակ Փաշինյանը իր խոսքում նշել է, որ եւ Սիմոնյանը եւ Մարությանը քաղաքապետի արժանի թեկնածուներ են: Վերջնական որոշման արդյունքում, սակայն ընտրվել է Հայկ Մարությանի թեկնածությունը: «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամներից շատերը հակված են եղել Ալեն Սիմոնյանի թեկնածությանը, սակայն Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշումը ազդել է նաեւ մյուսների քվեարկության վրա:

Ալեն Սիմոնյանը ողջունել է կուսակցության վարչության նիստում ընդունված որոշումը եւ այդ մասին առաջինը հայտարարել լրագրողների հետ զրույցում:  Քաղաքապետի թեկնածուի ընտրությունից հետո Փաշինյանի եւ Սիմոնյանի միջեւ   առանձնազրույց է տեղի ունեցել: Ըստ էության հաշվի առնելով միասին անցած ճանապարհը Ալեն Սիմոնյանը զիջել է, քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու հնարավորությունը ընձեռելով իր ընկեր Հայկ Մարությանին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական, մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո: Հուլիսի 16-ին տեղի ունեցած արտահերթ նիստում ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին ու միաժամանակ նշանակի արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Հավելենք, որ քաղաքական մյուս ուժերը դեռեւս չեն հայտարարել Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության մասին:

Irakanum.am