Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանից 16 օր է՝ որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կարեն Ղազարյանն արդեն 16 օր է՝ Ադրբեջանում գտնվում է գերության մեջ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել նրա հետ, որևէ տեղեկություն չկա: Ես ստացել եմ Կարեն Ղազարյանի ծնողների մտահոգությունները: Դիմել եմ միջազգային կազմակերպություննեով՝ խնդրելով օգնել ստանալ որեւէ տեղեկատվություն նրա գտնվելու վայրի, ֆիզիկական ապահովության ու վերադարձի մասին»,- գրել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում: