Ռուսական մամուլն անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին։ Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռուսական մամուլը հիմնականում ներկայացրել է պաշտոնապես առկա տեղեկությունները՝ զերծ մնալով մեկնաբանություններից և եզրահանգումներից։

ТАСС-ը գրում է, որ ՀՀ նախկին նախագահն իր դեմ ներկայացրած մեղադրանքը վենդետա է անվանել։ «Ես երբեք չէի մտածում, որ մեր երկրում հնարավոր է այսպիսի շինծու գործ հարուցել։ Վենդետա և քաղաքական հետապնդում է իրականացվում»,-Քոչարյանի խոսքերն է մեջբերել ТАСС-ը։

РИА Новости-ն էլ հիշատակել է ՀՀ 2-րդ նախագահի այն միտքը, որ այս գործը կարող է կապված լինել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քաղաքական գործընթացներին իր մասնակցությունը բացառելու ցանկության հետ։

Թեմային անդրադարձել է նաև Лента-ն՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։