Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) այսօր՝ հուլիսի 27-ին հարկային խորհրդի նիստ է անցկացվել՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՊԵԿ նախագահի տեղակալները եւ խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կարեւորելով խորհրդի աշխատանքները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանն ու հարկային օրենսդրության կատարելագործմանը, Դավիթ Անանյանն առաջարկել է այս ուղղությամբ շարունակել փոփոխությունները: ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ պետք է ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը պետական եւ մասնավոր հատվածների միջեւ:

Սեպտեմբերին կառավարությունում պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Աշխատանքները ժամանակացույցով ավարտին հասցնելու նպատակով՝ հանդիպման ընթացքում որոշվել է, որ այս կազմով խորհրդի նիստերը տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ ակտիվ ռեժիմի ձեւաչափով:

«ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ անմիջական շփումների արդյունքում, ըստ էության, գույքագրում է ոլորտի խնդիրները, որոնք տարանջատում ենք երկու մասի՝ հարկային վարչարարության, որոնք ՊԵԿ-ի կարգավորման տիրույթում են եւ քաղաքականությանն առնչվող, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ենթադրում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ»,- նշել է ՊԵԿ նախագահը:

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համագործակցության այս ձեւաչափով հնարավոր կլինի կառուցողական քայլերով էական փոփոխություններ արձանագրել օրենսդրության եւ վարչարարության բարելավման գործընթացներում: