Հայաստանի ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ վարչապետին ուղղված նամակում Նաիրա Զոհրաբյանը գրել է.

«Հարգելի պարոն վաչապետ,

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաեւ պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը:

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել է 2013 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին վկայում են երկրի իրավաբանների ու փաստաբանների մեծամասնությունը:

Անշուշտ, պետության կողմից նման կարեւոր քայլ կատարելուց առաջ պետք է համադրվեն այն բոլոր նրբություններն ու հարցադրումները, որոնց համակողմանի վերլուծությունը կարող է միայն հուշել արդարադատության շահերի ու մարդկանց իրավունքների ողջամիտ հավասարակշռմամբ համաներում հայտարարելու իրավաչափության մասին:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մարդասիրական քայլը նախ՝ հնարավորություն կստեղծի փոքր-ինչ թեթեւացնել քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, մանավանդ, որ նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ են հանրության համար նվազ վտանգավորություն ունեցող հանցագործությունների համար բավական խիստ պատժաչափերով դատապարտված անձանց թիվը, եւ ամենակարեւորը՝ հանցագործություն կատարած անձանց կտա ուղղվելու եւ վերասոցիալականացմանը նպաստելու եւս մեկ հնարավորություն»: