Երեւանի Արտաշիսյան 62 հասցեում ապակիների արտադրամասում պայթյունից տուժած երիտասարդին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն այրվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդին գիշերը վիրահատել ենք, նա դեռ շոկային վիճակում է գտնվում, մյուս հիվանդը շոկային վիճակից դուրս է եկել, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ պայթյունի մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Արտաշիսյան 62 հասցեում գտնվող ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են. կան տուժածներ:

Տուժածներ Ս.Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս.Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է.Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ Է.Հ.-ն  «Էրեբունի» եւ Ս.Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Ս.Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է.Հ.-ինը՝ ծանր: