«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին։

Նրա խոսքով՝ իրենք մտադիր են իրենց շուրջը կոնսոլիդացնել մեծ ընտրազանգված: «Արդեն ապագայում նախընտրական գործընթացների շրջանակում կարող են բանակցություններ վարվել քաղաքական այլ ուժերի հետ, նույնիսկ կոալիցիայի ստեղծմանն ուղղված»,- պարզաբանեց Սաֆարյանը՝ նշելով, սակայն, որ այս հարցով կոնկրետ որոշում դեռեւս չունեն: Նա միաժամանակ հավելեց, որ նախընտրական ցուցակների վերաբերյալ դեռեւս ոչ մի քննարկում չի եղել:

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը շեշտեց, որ Հայաստանում իշխանության 3 ճյուղ կա, եւ հեղափոխությունից հետո փոխվել է դրանցից միայն մեկը: Իսկ մնացյալ երկուսը նույնպես բարեփոխումների կարիք ունեն, ուստի այս գործընթացը պետք է շարունակվի: