Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի պատվիրակության կազմում այցելել էր Նյու Յորք ՄԱԿ-ի գրասենյակ: Նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավար անձնակազմի, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի հետ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Օրերս Հայաստանի պատվիրակությունը փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այցելել էր Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ, ուր մասնակցել էր Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի քննարկումներին: Պատվիրակության կազմում էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ունեինք ծրագրավորված աշխատանքներ ՄԱԿ-ում՝ կապված սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի գերակայությունների ներկայացման հետ ՄԱԿ-ի Զարգացման 2030 ծրագրի իրականացման առումով»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ այցի նպատակներից էր ներկայացնել այսօրվա Հայաստանի զարգացման հիմնական օրակարգն ու այն բոլոր նպատակները, որոնք իրենց առջև են դնում Հայաստանի նոր իշխանությունները:

Այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ-ի ղեկավար շրջանակների, ներառյալ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեսի հետ:

«Մեր զրույցները կառուցված էին Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ օրակարգի շուրջ բազմաթիվ գերատեսչությունների գծով: Այդ օրակարգում ներգրավված են հարցեր, որոնք վերաբերվում են մեր ներքին քաղաքականությանը, բարեփոխումներին, արդարության և օրենքի գերակայության հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական հավասարությանը»,- նշել է արտգործնախարարը:

Շոշափված հարցերի շրջանակում են եղել նաև անվտանգությանը վերաբերվող թեմաներ, ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը: Ըստ Մնացականյանի, ՄԱԿ-ը մշտապես աջակցում է Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախարարը կարևորեց ՄԱԿ-ի և կառույցի գլխավոր քարտուղարի աջակցությանն այս ձևաչափով բանակցությունների շարունակմանը:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունները վարում են ակտիվ արտաքին քաղաքականություն՝ երկխոսություն վարելով Ռուսաստանի, Եվրամիության, այլ երկրների ղեկավարների հետ: Սեպտեմբերին էլ նախատեսվում է վարչապետ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ:

Արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում գալիք սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանի մասնակցությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ:

«Առավելագույնը կանենք մեր գործընկերների հետ երկխոսության մեջ ներգրավվելու համար պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով: Դա միշտ արվել է, և մենք շատ ոգևորված ենք ու ուրախ այս առիթից օգտվելու և մեր օրակարգն այդ հանդիպումներին առաջ տանելու համար»,- նշել է արտգործնախարարը: