ՀՀ կառավարության և Լոս Անջելես քաղաքի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը Լոս Անջելեսի ավագանու անդամ Փոլ Քրեքորյանի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ համատեղ սկսում է երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ծրագիրը նախատեսում է 2018 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոս Անջելեսի քաղաքապետարանում աշխատելու և միաժամանակ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում մի շարք դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

ՀՀ կառավարությունն առաջարկում է պրակտիկա Լոս Անջելեսի քաղաքապետարանի հետևյալ բաժանմունքներում.

Հանրային աշխատանքների վարչություն, որը պատասխանատու է պետական ծրագրերի, այդ թվում՝ կամուրջների, գրադարանների, ջրամաքրման կայանների նախագծման և կառուցման, փողոցների, լուսարձակների նորոգման, կանաչապատման և այլ աշխատանքների համար:

Սանմաքրման կառավարման վարչություն, որը պատասխանատու է կենցաղային կոշտ թափոնների և ջրահեռացման համակարգերի կառավարման համար:

Ծրագրին կարող են դիմել համապատասխան մասնագիտությամբ առնվազն բակալավրի կրթություն և/կամ համապատասխան ոլորտում աշխատանքի փորձ ունեցող, անգլերենի գերազանց իմացությամբ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք:

Ծրագրի շրջանավարտները պարտավորվելու են աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունում:

«Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (անգլերենով, մինչև մեկ տպագիր էջ)  [email protected] էլ. փոստին: Խնդրում ենք նամակում նշել այն վարչությունը, որտեղ ցանկանում եք անցնել պրակտիկան:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 28-ը: Ծրագրի կազմակերպիչները կկապվեն միայն հաջորդ փուլ անցած մասնակիցներ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: