Համապատասխան դիմումի դեպքում Հայաստանը պատրաստ է ունեցած հնարավորությունների շրջանակում Հունաստանին օգնել անտառային հրդեհների մարման գործում: ԱԻՆ Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, Փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նման հայտարարություն արեց այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նա հստակեցրեց, որ ԱԻՆ-ը հունական կողմից առայժմ պաշտոնական հայտարարություն չի ստացել: «Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր լիազորված ստորաբաժանումով գրանցված է «Ջիդաքս» (Global Disaster Alerting and Coordination System) համակարգում, եւ համագործակցության շրջանակում մենք օգնություն ցույց տալու դիմում ենք ստանում»,- պարզաբանեց Խանգելդյանը:

Հիշեցնենք, որ Հունաստանում ուժգին հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 50 մարդ, տուժել ավելի քան 100-ը: Երկրի իշխանությունները հայտնել են, որ տուժածներից շատերը կրիտիկական վիճակում են: Շատերն անհետ կորած են համարվում: