ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի շարք չարաշահումներ են բացահայտվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում: Մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տնօրենին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2012թ. նոյեմբերի 1-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Գորիսի բնակիչ Ա.Իշխանյանը և հանդիսացել կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, որի ընթացքում արձանագրվել են առերևույթ յուրացնելու, վատնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հուլիսի 20-ին Ա.Իշխանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է։ Դատարանը միաժամանակ թույլատրելի է համարել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը և որպես գրավի չափ սահմանել 2 մլն. ՀՀ դրամը:

Քրեական գործի շրջանակում մասնաճյուղի հաշվապահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: