ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին ու ռազմական կցորդ, Գերմանիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Թորսթեն Այթիսին՝ Հայաստանում վերջինի հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` ք.Մոսկվա): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին եւ հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Նշելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ իրականացվում է մի քանի ձեւաչափերով՝ փոխադարձության սկզբունքով փորձի փոխանակման տարեկան 15-20 միջոցառումներ, համագործակցություն ռազմական կրթության բնագավառում եւ այլն, Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության անկյունաքարը համատեղ մասնակցությունն է ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը:

Դեսպան Քիսլերն իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության կարեւորությունը Գերմանիայի համար՝ նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել քննարկումները համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառյալ արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: